Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Խաչոյի հեռացումը հույս է ծնում

Խաչոյի հեռացումը հույս է ծնում
13.12.2012 | 15:15

Գրողների տանն օրերս արձակագիր ԴԱՎԻԹ ՄԿՐ-ՍԱՐԳՍՅԱՆԻ «Երկվություն» գրքի շնորհանդեսն էր: Գիրքը գրվել է շուրջ հինգ տարում, հեղինակի հավաստմամբ` այն տարիների կուտակումների արդյունք է:

«Վեպի հերոս Խաչոն մտավորական է, որ գալիս է անցյալ հազարամյակից ու շարունակում է ապրել նոր հազարամյակում, այսինքն, հատել է մի սահմանագիծ, որի ընթացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում»,- ասաց նա` նշելով, որ փոփոխությունները միայն հասարակարգային չեն, լուրջ փոփոխությունների է ենթարկվել արժեհամակարգը: Իրականում ոչ թե վերարժևորումներ են տեղի ունենում, ինչպես ընդունված է ասել, այլ պարզապես արժեզրկում: Հոգևոր, բարոյական հատկանիշներն իրենց տեղը զիջում են նյութականին:
«Սյուժեն հետևյալն է. Խաչոն տնից գալիս է Ցեղասպանության հուշահամալիր, այդ ընթացքում է տեղի ունենում ամեն ինչ: Երկվությունը մարդու հենց այդ երկպառակությունն է` արդյոք ճիշտ է լա՞վ ապրելը, թե՞ ճիշտ ապրելը»,- հավելեց հեղինակը:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի հարցին` լավ գրականությունը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել մեր իրականության մեջ, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ գրքում կա վերլուծություն, թե ինչու է ամեն ինչ այս երկրում (ոչ միայն Հայաստան աշխարհում) դարձել առքուվաճառքի առարկա, ինչո՞ւ խոսքն արժեք չունի, ինչո՞ւ են մարդիկ անտարբեր միմյանց նկատմամբ, ինչո՞ւ է անծանոթն անծանոթի նկատմամբ չարությամբ լցված: «Հասարակական-քաղաքական կյանքում ինչ կփոխվի, ես չգիտեմ,- ասաց նա,- բայց լավ գրականությունը կարող է մարդուն բարձրացնել: Համենայն դեպս, մարդը պետք է փորձի պահպանել իր մարդկային նկարագիրը»:
ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի խոսքով՝ հեղինակը կարողացել է ներկայացնել մտավորականի հավաքական կերպարն ու նրան հուզող հարցերը: «Փոխվում է ամեն ինչ, բայց մտավորականի ցավն ու մտահոգությունները նույնն են մնում»,- ասաց նա:
Դավիթ Մկր-Սարգսյանի բնորոշմամբ՝ Խաչոն ինքն անանձնական կերպար է, նա մոտավորապես համապատասխանում է Նարեկացու «Մատյան Ողբերգության»-ի այն տողին, թե «Ես եմ ամենքը, և ամենքն են իմ մեջ»։
Գրքի վերջում Խաչոյի հոգին լքում է մարմինը, ու նա զարմանալիորեն իրեն վատ չի զգում, հակառակը՝ սիրով ենթարկվում է ամենազոր ու գթառատ ինչ-որ անիմանալի ուժի:
«Սուրբ հոգին հավերժ է, մարմինը՝ անցողիկ,- այդպես էր Խաչոն վերաբերվում հոգու համբարձմանը: Նա երջանիկ էր»: Մեկ այլ աշխարհ հեռացող հերոսի հոգին խաչաձև մարմնի տեսք էր ստանում և պարուրվում ճերմակ ու բարի, թափանցիկ ամպերի քուլաներով: Նա երանության մեջ էր: Իսկ երկրի վրա բացվում էր հերթական, սովորական մի առավոտ՝ իր կրկնվող առօրյայով: «Ասես այս աշխարհում ոչինչ չէր փոխվել, պարզապես անհանգիստ մի մտավորական հող էր՝ հող դարձավ»:
Գիրքը լույս է տեսել 500 օրինակով, գրախանութներում կդրվի խորհրդանշական ձևով, իսկ ընդհանրապես հեղինակն այն նվիրելու է իր շրջապատի մարդկանց:
Գրքի շնորհանդեսներն աստիճանաբար վերածվում են շնորհանդես-վաճառքի: Դավիթ Սարգսյանը դեմ է դրան և ասաց, որ գրքի տպագրությունը հովանավորել են իր ընկերները, ովքեր խնդրել են չհրապարակել իրենց անունը:
«Որովհետև բարեգործությունը չպետք է գովազդվի»,- ասաց արձակագիրը:
«Երկվությունը» հեղինակի վեցերորդ գիրքն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ